«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Եվս մեկ մարտի 1, և դա կլինի կործանման սկիզբը»

«Եվս մեկ մարտի 1, և դա կլինի կործանման սկիզբը»
20.06.2008 | 00:00

«ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ՈՐԵՎԷ ԲԱԽՈՒՄ»
Հարցազրույց ՀԱԱԿ առաջնորդ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Պարոն Հովհաննիսյան, մի քանի ժամից կմեկնարկի ընդդիմության հանրահավաքը, ի՞նչ սպասելիքներ կան:
-Սպասելիքներ ունի ժողովուրդը. հետընտրական զարգացումներից, մարտի մեկից հետո անչափ շատ հարցեր կուտակվեցին, որոնց պատասխանները հասարակությունը չստացավ: Անցնող ամիսների ընթացքում իշխանությունն իր մեջ քաղաքական կամք-ուժ չգտավ դրանք արծարծելու, ուստի հասարակությունն անհամբեր սպասում է այսօրվա հանրահավաքին` այդ պատասխաններն ստանալու:
-Նախ` «տեխնիկական» խնդիրների շուրջ. որտե՞ղ է, ի վերջո, տեղի ունենալու հանրահավաքը, դե-յուրե իշխանությունը մերժել է Ազատության հրապարակիտարբերակը:
-Երևան քաղաքի տերն իշխանությունները չեն, Երևանի քաղաքապետարանը չէ. քաղաքի տերը ժողովուրդն է, և եթե երևանցիները` հայ ժողովուրդը, ցանկանում են հավաքվել մի տեղ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ապա դա կլինի հենց այդպես։ Ինքը ժողովուրդը կորոշի` որտեղ, ինչպես և ինչ տևողությամբ հանրահավաք անցկացնի:
-Այսինքն` պերմանենտ հանրահավաքի տարբերակը չի բացառվում:
-Իհարկե, չի բացառվում: Մենք ունենք մեկ ճանապարհ` անցկացնել խաղաղ հանրահավաք, երթ, որը պաշտպանվի այն կառույցների կողմից, որոնք կոչված են կարգ ու կանոն հաստատելու: Սա է եղել մեր առաջարկը` բազմաթիվ, անթիվ անգամներ, և այն դեռ մնում է ուժի մեջ։ Քառասունից ավելի դիմում ենք հղել պատկան մարմիններին, և չեմ կարծում, թե մի քանի հոգին պետք է թելադրեն իրենց կամքը հարյուր հազարավորներին: Կարծում եմ նաև, որ հանրահավաքը կանցնի ակտիվ, խաղաղ, առանց որևէ միջադեպի:
-Այսպիսով, «Հրազդան» ստադիոնի մերձակայքը, ինչպես ցուցանել է քաղաքապետարանը, միանշանակ բացառում եք:
-Միանշանակ:
-Բախման հնարավորությունը:
-Նույնպես բացառում եմ: Եվս մեկ մարտի 1, և դա կլինի ոչ միայն մեր ազգային-պետական ողբերգությունը, այլև կործանման սկիզբը, եթե ոչ վերջը։ Ընդդիմությունն այս գիտակցությամբ է մոտենում խնդրին, իսկ եթե իշխանությունը նույն գիտակցությամբ չի առաջնորդվում, ապա չարաչար սխալվում է: Բոլոր դեպքերում ես բացառում եմ որևէ բախում, ավելին. կարծում եմ, որ բանականությունը, ի վերջո, կհաղթի, որովհետև մեր ոստիկանները և մնացյալները նույնպես բանական մարդիկ են:
-Տեխնիկական մի վերջին կոնֆիգուրացիա էլ «նայենք» ու անցնենք առաջ. ասենք` «բանականները»` ոստիկանները, այսօր «փակում» են Ազատության հրապարակը, Մատենադարանի մերձակայքը, Հյուսիսային պողոտան. որտե՞ղ եք հավաքվում:
-Իշխանությունները չեն գնա նման պրովոկացիայի։ Այդ «կոնֆիգուրացիան» այլ կերպ, քան պրովոկացիա, հնարավոր չէ համարել. հո չե՞ն կարող ողջ Երևանը «փակել»:
-Եվ, այնուհանդերձ, ինչո՞ւ իշխանություններն արգելեցին հանրահավաքը, ինչո՞ւ գոնե այդպես չգնացին երկխոսության:
-Նրանք վախենում են ժողովրդից: Շատ են վախենում: Այսօրվա իշխանությունները փորձում են գնալ այն ճանապարհով, որով տասը տարի շարունակ գնաց Քոչարյանը` պահել իշխանությունը ուժային մեթոդներով:
-Նույն ջուրը երկու անգամ մտնել լինո՞ւմ է:
-Չի լինում, մանավանդ որ ժամանակներն այսօր բոլորովին այլ են, երկիրն այլ է, այլ է ժողովուրդը: Եվ նման մեթոդներով փորձել պահել իշխանությունը խիստ անհեռատես է, եթե չասենք կործանարար առաջին հերթին իրենց` իշխանությունների համար:
-Բոլոր դեպքերում իշխանությունն ինչ-ինչ քայլեր անում է` կործանումը շրջանցելու համար:
-Իմիտացիա է, շատ դեպքերում` հարկադրված իմիտացիա։ Դրանք քայլեր են, որ արվում են մոնիտորինգի համար, Հայաստան եկածների, ԵԽԽՎ-ի և ոչ այս երկրի, նրա քաղաքացու, պետության ապագայի համար:
-Ի դեպ, որպես երբեմնի ԱԺ ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում մեր «հարաբերությունները» եվրոպական կառույցների, հատկապես ԵԽԽՎ-ի հետ:
-Գիտե՞ք, երբ 2001-ին մենք անդամակցում էինք Եվրոպական խորհրդին, մեր սպասումներն անչափ մեծ էին, և կարծում էինք, որ այդ անդամակցումը Հայաստանի ամենամեծ քաղաքական առաջընթացն է, որովհետև այն իր մեջ պարունակում է պարտավորությունների մի ամբողջ փաթեթ, որոնք Հայաստանը պետք է դարձնեին ժողովրդավարական երկիր: Բայց երբ նայում ես` ԵԽ անդամ դառնալուց հետո մեր ընտրությունները որքան արժեզրկվեցին, որքան որակապես հետ գնացին, մտածում ես, որ որոշ մարդկանց, հատկապես իշխանությունների համար դրանք ընդամենը թղթի վրա գրված հիերոգլիֆներ էին, այդ պատճառով էլ միս ու արյուն չստացան, չդարձան կենսաձև:
-Իսկ Դուք կիսո՞ւմ եք Տեր-Պետրոսյանի տեսակետները` եվրոպական կառույցներին առնչվող:
-Ցավալի է, բայց` այո:
-Բայց չէ՞ որ նրանք, այսպես ասած, միջազգային «թշնամի հանրությունը», միշտ նույնն է. այդպիսին էր 98-ի փետրվարյան հեղաշրջման, 98-ի` սահմանադրական խախտումներով ընտրությունների օրերին, նույնպիսին էր 99-ի հոկտեմբերի 27-ին, 2003-ին, 2004-ին. որտեղի՞ց Ձեզ այդ լավատեսությունը... Թե՞ պատճառն այն էր, որ այն ժամանակ Դուք էիք ղեկավարում ԵԽԽՎ հանձնաժողովը:
-Ոչ, պարզապես հույս կար, որ ճանապարհ պետք է անցնենք, շտկենք, սովորենք, որ ճանապարհի սկզբնամասում միշտ էլ ինչ-ինչ խութեր լինում են:
-Էլ ի՞նչ պետք է լիներ, որպեսզի մենք հասկանայինք, որ Եվրոպան մեր բոլոր «շերեփները» դարձնում է թղթե:
-Գիտե՞ք, աշխարհում երկու արժեքներ են դրված նժարի վրա. ժողովրդավարություն և կեղծ կայունություն։ Չգիտես ինչու` Եվրոպան անվերջ ընթանում է կեղծ կայունության ճանապարհով. նրանք մտածում են, որ հայերը կամ հարավկովկասյան այլ երկրները կարող են սպասել էլի մի քիչ` ժողովրդավարության ճանապարհով գնալու համար: Այս նույն ենթատեքստում էր 2008 թ. նախագահական ընտրություններին առնչվող նրանց զեկույցը։ Նույն Պրեսկոտը, նույն Կոլոմբիեն այդ զեկույցում ասում էին, որ ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշերին, մի քայլ առաջ են, քան նախորդ ընտրությունները... Պետք էր պարզապես նրանց հարցնել` պարոն Կոլոմբիե, պարոն Պրեսկոտ, ո՞րն էր մի քայլ առաջ, մարտի մեկի դեպքե՞րը: Դրանից հետո նրանք փորձել են փոքր-ինչ այլ ձևակերպումներ տալ, սակայն վերջնարդյունքում շատ բան կարծես չի փոխվել:
-Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ չեք ճշմարտության լեզվով խոսում. ասում եք` կեղծ կայունություն և չեք ասում` ծերուկ Եվրոպան պարզապես հետապնդում է իր շահերը, իր մեծ օգուտն այս տարածաշրջանում, որն սկսվում և ավարտվում է էներգետիկ հետաքրքրություններով:
-Իրենց շահերի ամպլիտուդից էլ արտածվում է հենց այդ` կեղծ կայունությունը:
-Իսկ իրենց շահերի՞ց է բխում ԵԽԽՎ-ում մեզ ձայնի իրավունքից զրկելը, և ընդհանրապես, ինչպիսի՞ որոշում կկայացնի հարգարժան ԵԽԽՎ-ն հունիսի 23-ի ամառային նստաշրջանում:
-Եթե հարցը մտավ նստաշրջանի օրակարգ և քննարկվեց, ապա անպայման բավականին կոշտ որոշում կընդունվի, և Հայաստանը, թերևս, զրկվի ձայնի իրավունքից: Այդ իսկ պատճառով էլ հայաստանյան իշխանությունները փորձում են նամակներ գրել Եվրոպայի խորհուրդ և ցուցանել, թե ինչքան պուպուշ բաներ են արել, թե ինչքան «լավ» ժողովրդավարություն են հաստատել։ ՀՀ իշխանությունները ցանկանում և խնդրում են ԵԽԽՎ-ից` հարցի քննարկումը տեղափոխել աշնանային նստաշրջան:
-«Պուպուշ» Եվրոպան կհավատա՞ հայաստանյան «պուպուշ» իշխանություններին:
-Դժվար է ասել։ Այսօրվա դրությամբ կարելի է կարծել, որ հարցն իսկապես կհետաձգվի: ԵԽԽՎ-ն ժամանակ կտա հայաստանյան իշխանություններին` կատարել 1609 բանաձևի պահանջները և իրական երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 6891

Մեկնաբանություններ